10 նոր ուղեկցող մեքենաներ՝ միջազգային ստանդարտներով կահավորված. ԱՆ քրեակատարողական հիմնարկը ձեռք է բերել մեքենաներ ՝ դատապարտյալների տեղափոխությունը պատշաճ իրականացնելու համար
30/12/2022
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում նախարար Գրիգոր Մինասյանը` փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանի, Ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ, ծանոթացել է Քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված հատուկ նշանակության նոր 10 տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված են դատապարտյալներին ՔԿՀ-ներից քրեական վարույթ իրականացնող մարմիններ, դատավարական գործողությունների կատարման վայրեր փոխադրելու համար:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ այս բարեփոխումը նախատեսված է դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ:
Նախարար Մինասյանը նշել է, որ ուղեկցող մեքենաների համալրումը լինելու է շարունակական, և արդեն 2023թ.-ի վերջին գործընթացը կհասցվի ավարտին:
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի խոսքով՝ ձեռք բերված մեքենաներն ավելի քիչ ծախսատար են և ավելի ապահով՝ կալանավորված անձանց տեղափոխության համար:
Տրանսպորտային միջոցները «Ֆորդ» մակնիշի են և չշահագործված:
Ավտոմեքենայի ներսում՝ վարորդի խցիկի և ուղեկցորդների հատվածի միջև ճաղավանդակներով միջնապատ է: Ավտոմեքենայի ուղեկցորդների հատվածի մուտքն ավտոմեքենայի կողքից է, կողային դռան վրա կա ճաղավանդակներով պատուհան:
Ավտոմեքենայի տանիքին տեղադրված է լույսաձայնային ազդանշանային համակարգ՝ միկրոֆոն-բարձրախոսով, առջևի դռներին փակցած է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարբերանշանը:
Մեքենաները շահագործվելու են 2023 թվականին։