ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացվել հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքը

23/01/2023

Արդարադատության  նախարարության նախաձեռնությամբ՝ Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ տեղի է ունեցել սեմինար՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը: 

Անահիտ Աբրահամյանը նշել է, որ թեև հասարակությունը պետական մարմիններից պարբերաբար տեղեկացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող բարեփոխումների մասին, այնուամենայնիվ վերջիններիս կողմից հասարակության հետ համակարգված, թիրախային և նպատակային, շատ հաճախ՝ անմիջական հաղորդակցությանը մեծապես նպաստում են նաև լրագրողները: Լրագրողները նաև արդարության այն  մարտիկներն են, որոնք մշտապես բարձրաձայնում են կոռուպցիոն արատավոր երևույթների մասին։

Բացման խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավարի տեղակալ Տաճատ Ստեփանյանը, ով ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ընդգծել, որ նման միջոցառումների իրականացումը կարևոր է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Նախարարության հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքականությունը. Կատարված աշխատանքները, որոնք բխում են 2019-2022թթ.-ի Հակակոռուպցիոն ռազմավարությունից՝ Կոռուպցիայի կանխարգելում (հայտարարագրի և հայտարարությունների շրջանակի ընդլայնում, նվերների, շահերի բախման կարգավորումների բարելավում, բարեվարքության ստուգում, վարքագծի կանոններ և այլն), Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում (նոր քրեական և քրեական դատավարության օրենսդրությունների ընդունում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն, կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի վերանայում, իրական շահառուների բացահայտում, ազդարարման համակարգի բարելավում և այլն):

Բարձրագույն դատական խորհրդի՝ Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետ Մակար Կիրակոսյանը լրագրողներին է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանների կազմը և գործառույթները:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանն անդրադարձել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը և դրա կիրառմանը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք:

Բանախոսը ներկայացրել է կատարված և արդեն ավարտված ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են վարչության ստեղծումից ի վեր:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և Կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը ներկայացրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններն ու քննչական ենթակայությունը, ինչպես նաև նախաքննությանը վերաբերելի հասկացություններն ու քրեական վարույթ նախաձեռնելը:

Այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը ներկայացրել է Ազդարարման համակարգը՝ որպես հանցագործությունների դեմ պայքարի անանուն միջոց:

Լրագրողների համար բանախոսել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատն և գործառույթները:

Սեմինարի ավարտին լրագրողները բանախոսների հետ քննարկել են թեմաները, հնչեցրել հարցեր ու կարծիքներ:

Սեմինարն իրականցվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Միջազգային Հանրապետական ինստիտուտի աջակցությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատված՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հաղորդակցության գործողությունների ծրագրի շրջանակում: