ID քարտերի, վարորդական վկայականների, թղթադրամների, վիզաների և այլ փաստաթղթերի հետազոտություն՝ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
06/02/2023
Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության «Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել «REGULA 4307» ֆիդեոսպեկտրալ կոմպարատոր սարքավորում:
Սարքը նախատեսված է ցանկացած տեսակի փաստաթղթերի հետազոտություն կատարելու համար:
Սարքավորումների համալիրին կից առկա են նաև գրեթե բոլոր երկրների անձնագրերի, ID քարտերի, վարորդական վկայականների, թղթադրամների, մետաղադրամների, վիզաների, կացության քարտերի և այլ փաստաթղթերի տեղեկատվական բազա:
Սարքավորման առկայությունն էապես բարձրացնում է կատարվող փորձաքննությունների էֆեկտիվությունը, որակը և արագությունը, հնարավորություն է ընձեռնում կատարելու նոր հետազոտություններ, որոնք նախկինում հնարավոր չի եղել կատարել:
Այսպես՝ 2022 թվականի ընթացքում սարքավորումների համալիրով կատարվել են փաստաթղթաբանական շուրջ 200 փորձաքննություններ:
Սարքավորման առկայությամբ պայմանավորված՝ էականորեն ավելացել են տարբեր երկրների անձնագրերի, ID քարտերի, վարորդական իրավունքի վկայականների, թղթադրամների վերաբերյալ նշանակվող փորձաքննությունները, որոնց կատարման արագությունը, ամբողջականությունը և բարձր էֆեկտիվությունն ակնառու է ոչ միայն Կենտրոնում, այլև դրական արձագանք է ստացել նաև դատաքննչական մարմինների մոտ: