ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխը և Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ծանոթացել են Արարատի մարզում բացված Պրոբացիայի շահառուների ուսումնական կենտրոնին. Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Պրոբացիայի ծառայությանը՝ կարողությունների զարգացման հարցում
17/02/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանի ուղեկցությամբ՝ շրջայց են կատարել Արարատի մարզում բացված Պրոբացիայի ծառայության մասնագիտական վերապատրաստման կենտրոնում:
Լևոն Բալյանը նշել է, որ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի միջև սերտ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, որի ընթացքում արդարադատության ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով ցուցաբերած աջակցությունն արձանագրել է տեսանելի արդյունքներ: Բալյանն ընդգծել է՝ Նախարարության կողմից պրոբացիայի և քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը:
Մասնավորապես՝ պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են մի շարք քայլեր, այդ թվում՝ կատարվել է օրենսդրության վերլուծություն, ներկայացվել են առաջարկություններ, որոնց հենքով մշակվել է օրենսդրական համապատասխան փաթեթ, աշխատանքներ են տարվել «e-probation» համակարգի ձևավորման ուղղությամբ, բարելավվել է պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմը, բարձրացվել է պրոբացիայի ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և այլն:
Լևոն Բալյանը կարևորել է պրոբացիայի շահառուների համար իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը, որի արդյունքում պրոբացիայի շահառուն հետագայում կկարողանա ինտեգրվել հասարակությանն ու առանց խոչընդոտների մուտք գործել աշխատաշուկա:
Շրջայցի ընթացքում ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին և զրուցել պրոբացիայի շահառուների հետ:
Կլաուս Նոյկիրխը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Պրոբացիայի ծառայությանը՝ կարողությունների զարգացման հարցում: