Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարի նշմամբ՝ փաթեթով առաջարկվում են այնպիսի կարգավորումներ, որոնցով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի և ընդհանրապես էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները բերվում են նոր ժամանակակից մակարդակի: Նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնցով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Պայմանագրի կողմին, այդ թվում` սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս, ինչ պայմանների է համաձայնվում, և սա նաև զսպող մեխանիզմ կհանդիսանա ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար:
Գրիգոր Մինասյանը մասնավորեցրել է, որ չնայած գործող Քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են, դրանք բավականին սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն: Օրինակ, հստակ կարգավորված չեն այն դեպքերը, երբ պայմանագրերը կնքվում են ինտերնետ կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով, չնայած դրանք պրակտիկայում կիրառվում են:
Սպառողների իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար հստակ երաշխիքներ են նախատեսվել միանալու պայմանագրերի կնքման դեպքում: Նախագծի փաթեթով՝ նախ հստակեցվում է, թե որն է միանալու պայմանագիրը, բացի այդ օրենսդրորեն սահմանվում են այնպիսի կետեր, որոնք չեն կարող ներառվել սպառողի հետ կնքվող պայմանագրում, իսկ եթե ներառվեն, ապա կհամարվեն անվավեր: Օրինակ՝ երբ պայմանագրով տնտեսվարողին իրավունք է վերապահվում միակողմանիորեն փոփոխելու պայմանագիրն առանց ողջամիտ ժամկետում սպառողին ծանուցելու կամ երբ սահմանափակվում կամ բացառվում է տնտեսվարողի պատասխանատվությունն սպառողի մահվան կամ սպառողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում և այլն:
Գրիգոր Մինասյանն իր ելույթը եզրափակել է՝ նշելով, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների մեծ մասի հիմքում դրվել է ԵՄ վերաբերելի օրենսդրությունը, որին մոտարկման պահանջը բխում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Փոփոխությունները բխում են նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից: