Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

01/03/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհավորել է Քրիստինա Քվինին՝ դեսպան նշանակվելու կապակցությամբ:
Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության և Արդարադատության նախարարության տարիների համագործակցությունը: Նախարարը կարևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման և Ներքին գործերի նախարարության, Պարեկային ծառայության կայացման գործընթացին աջակցելու համար:
Հանդիպմանը նախարարը ներկայացրել է Արդարադատության ոլորտի բարեփոխումները, հանրային կառավարման բարեփոխումներն ու դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես՝ ընդգծվել են արդարադատության ոլորտում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, որոնց նպատակն է՝ բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը, թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, բարձրացնել հանրային ծառայությունների մատուցման որակը, ներդնել էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման հարթակը:
Նշվել է նաև ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև շարունակական համագործակցությունն ու ընդգծվել՝ ներկայումս հաշտարարության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Նախարարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած՝ «Հայաստանում արդարադատության ոլորտի աջակցության» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու ավելի անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը։
Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրագործման համար: Արդարադատության նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կցուցաբերի աջակցություն՝ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտի դոնորների համակարգման և փորձագետների ընտրության հարցում:
Կողմերը կարևորել են 2022 թվականին ԱՄՆ-ում ստորագրված՝ արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագրերը, որոնք միտված են հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտների բարեփոխմանը:
Նախարարն ու դեսպանը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող հարցերը: