Արդարադատության նախարարի տեղակալը և նախարարի խորհրդականը ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի հատուկ խորհրդականի հետ քննարկել են պետական ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան
14/03/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հատուկ խորհրդական Ռեյդեն Լլանոյին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն սկզբունքներն ու գործիքները, որոնք կարող են կիրառվել կառավարությունների կողմից բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով:
Արա Մկրտչյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները և ընթացիկ աշխատանքները: Նախարարի տեղակալը նշել է, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նաև կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, որի համատեքստում արդեն իսկ լավարկվում են մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր։ Արա Մկրտչյանը կարևորել է թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնց հիմնանպատակը պետական ծառայությունների մատուցման՝ քաղաքացու համար առավել հարմար եղանակի ապահովումն է:
Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն անդրադառնալով բյուրոկրատիայի կրճատման այլ եղանակներին՝ մատնանշել է պետական ծառայությունների մատուցման Քաղաքացիական կենտրոնների ներդրման, արդարադատության ոլորտի տարբեր մարմիններում սպասարկման հատուկ գրասենյակների բացման, թեժ գծի ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան:
Ռեյդեն Լլանոն շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և ընդգծել երկուստեք համագործակցության արդյունավետությունը:
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը՝ վարչարարության բարելավման, բյուրոկրատական գործընթացների կրճատման և հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղություններով: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ուղղված հետագա համագործակցության ուղղություններին: