Նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը, որի նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարի համար ապահովել հասարակության իրազեկվածության բարձրացումը, պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը

15/03/2023

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բարձրաձայնել պաշտոնյայի կողմից կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների անհամատեղելիության պահանջների, հայտարարագրման հետ կապված խախտումների մասին:
2022թ․ դեկտեմբերի 7-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակեցվել են օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության մեխանիզմները։
Ազդարարողն ու նրա ընտանիքի անդամները կարող են օգտվել քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված պաշտպանության միջոցներից անգամ քրեական վարույթից դուրս։ Ազդարարողին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը, ստեղծում է բավարար պայմաններ ազդարարողի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար։
Ազդարարը չի կարող ենթարկվել որևիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:
Նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը, որի նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարի համար ապահովել հասարակության իրազեկվածության բարձրացումը, պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը:
Եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումն օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել, ապա ազդարարողը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:
Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվել է ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու, մոնիթորինգի և ազդարարների պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման լիազորություններ:
Միաժամանակ ազդարարման համակարգի գործունեության ամբողջական պատկեր ունենալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանվել է պարտականություն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփել և հրապարակել ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը: