Ազատազրկված անձանց աշխատանքներով ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

17/03/2023

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Մարտի 16-ին ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր «Գարունը որքան ծաղիկ է վառել» խորագրով ցուցահանդես, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ի ողջ ուսուցչական կազմը։ 
Ցուցահանդեսին ներկայացվել են անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործությունները՝ գծանկարներ, պոլիմերային կավից պատրաստված տարբեր աշխատանքներ և նկարներ ապակու վրա։ Ցուցահանդեսից հետո դատապարտյալների աշխատանքները, իրենց իսկ առաջարկով և ցանկությամբ, փակցվելու են հիմնարկի միջանցքներում և տեսակցությունների համար նախատեսված սենյակներում։
Միջոցառման ավարտին դատապարտյալները երախտագիտության խոսքեր են ուղղել կազմակերպիչներին և ուսուցչական կազմին՝ ստեղծագործելու հնարավորություն տալու և այդ ստեղծագործությամբ ապագայի հանդեպ իրենց լիահույս դարձնելու համար։
«Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս հայտնել է իր շնորհակալությունը հիմնարկի վարչակազմին, մասնավորապես հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներին՝ մշտապես օժանդակելու և աջակցելու համար, և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կտա սպասված արդյունքներն ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթական մակարդակում։