Առաջարկվող փաթեթը կբացառի նաև չարաշահումները, երբ վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը կասեցվում է. նախատեսվում են մի շարք նոր կարգավորումներ` արբիտրաժի զարգացման համար

22/03/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։
Նախարարի տեղակալը ընդգծել է, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից: Հայաստանում վեճերի լուծումն արբիտրաժային դատարանին վերապահելը, ցավոք, ներկայումս բավականաչափ տարածված երևույթ չէ: Ուստի, Հայաստանում արբիտրաժի ինստիտուտն առավել տարածված դարձնելը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոց, կարևոր է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տեսանկյունից:
Արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարևոր է օրենսդրական կարգավորումների վերանայումը, գործող օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները հստակեցնելը:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ նախագծերով առաջարկվում է սահմանել արբիտրների շահերի բախման բացահայտման բավարար գործիքներ՝ հստակ նախատեսելով արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը: Առաջարկվում է նաև սահմանել թե արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման դեպքում գործը ո՞ր դատարանի կողմից է քննվելու՝ այդ իրավասությունը վերապահելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին: Առաջարկվող փաթեթը կբացառի նաև չարաշահումները, երբ վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը կասեցվում է, քանի որ մյուս կողմը արբիտրաժի այդ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում, անհարկի երկարաձգելով արբիտրաժային գործի վերջնական լուծման գործընթացը: Փոփոխություններով այդ երկու բողոքները կմիավորվեն մեկ վարույթում և այսուհետ կքննվեն մեկ դատավորի կողմից՝ սահմանելով դիմումը քննելու հստակ ժամկետներ:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: