Կատարողական վարույթով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հնարավորություն. նախագիծ՝ ԱՊՀ անդամ երկրների համար
31/03/2023
Արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը և ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդում ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։
Աշխատանքային խմբի հանդիպման օրակարգում «Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի քննարկումն է, որի շրջանակում առաջարկվում է սահմանել ԱՊՀ անդամ երկրներում հարուցված կատարողական վարույթների շրջանակում կատարողական վարույթով պարտապանի, նրա գույքի և այլ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հնարավորություն։
ՀՀ ներկայացուցիչների կողմից մշակվել, հանդիպման ընթացքում ներկայացվել և համաձայնագրի նախագծում ներառվել են համաձայնագրի շրջանակում անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված կարգավորումներ, կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ համաձայնագրի շրջանակում փոխանակման ենթակա տեղեկատվության շրջանակի, համաձայնագրի շրջանակում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ձևերի և ուղղությունների առնչությամբ։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համաձայնագրի մշակման հետագա աշխատանքները՝ հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար։