Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կկարողանան դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար

06/04/2023

Արդարադատության նախարարի տեղեկալ Արմենուհի Հարությունյանը նոր նախագծերի փաթեթ է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Քննարկման են ներկայացվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաև Վարչական դատավարության, Քաղաքացիական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու նախագծերը որոնցով առաջարկվում է սահմանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը :
Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետության բարձրագույն դատական ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հարությունյանը նշել է՝ չնայած որ Հայաստանն այդ հնարավորությունից օգտվելու փորձառություն ունեցել է, այդուհանդերձ օրենսդրության մեջ համապատասխան ընթացակարգեր նախատեսված չեն:
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է նախատեսել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոնները:
Առաջարկվում է սահմանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություններ կայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջներն ու փոխգործակցություն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ, ըստ ներկայացված նախագծի, կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին: