Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ներդնել Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր
13/04/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ:
Նախագծի շրջանակներում առաջարկվում է Կոմիտեում ներդնել Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր: Մասնավորապես՝ Կոմիտեում ձևավորել Կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից:
Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և գործելու են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է:
Նախագծով նաև սահմանվել են երաշխիքներ Կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից:
Շահերի բախման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով նախագծով սահմանվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում Հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել Հանձնաժողովի գործունեությանը:
Կարգապահական վարույթների համակարգը կունենա նաև կանխարգելիչ նշանակություն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մոտ ձևավորելով օրենքի տառին համապատասխան գործելու ընկալում:
Նշված կարգավորումներն ուղղված են Հանձնաժողովի գործունեության անկախությունն ու հնարավոր ազդեցությունների բացառումն ապահովելուն: