Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ փոխնախարար Արա Մկրտչյանի, ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցի և Հայկ Գրիգորյանի համակարգմամբ՝ դատավորների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ մշակվել է քրեական օրենսգրքում, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծեր: Նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, ոլորտի իրավաբան-գիտնականները և Հասարակական Կազմակերպությունները։
Փոփոխությունների շրջանակներում առաջարկվում է ներդնել ըստ համաձայնության գրավոր ընթացակարգով անձին տուգանքի դատապարտելու ինստիտուտը, որը կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը, կնպաստի գործի ողջամիտ ժամկետի քննության պահպանմանը և քաղաքացիներին կազատի դատարան անհարկի ներկայանալու պարտականությունից:
Նշված ինստիտուտի կիրառմամբ ակնկալվում է թեթևացնել դատարանների ծանրաբերռնվածությունը, քանի որ նախնական հաշվարկով նման վարույթի կարգով քննարկման ենթակա կլինեն քրեական գործերի ընդհանուր թվի մոտ 38%-ը:
Նախագծերի փաթեթով կանոնակարգվել են այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հիմքերը՝ նախատեսելով հստակ կառուցակարգեր մեղադրյալի կողմից այն չվճարելու դեպքում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:
Առաջարկվում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս քննիչի կողմից ներկայացված միջնորդության վերադարձի հնարավորություն, ինչպես նաև մինչդատական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթի շրջանակներում ներկայացվող բողոքի վերադարձի հնարավորությունը՝ դրանում պարունակող ձևական սխալները շտկելու նպատակով:
Սահմանվել են նաև վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ վերանայման վարույթներին վերաբերող որոշ ընթացակարգային կարգավորումներ:
Նախագծերով առաջարկվում է նաև լուծել Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների դատարանում լուծման կարգի, տարբեր դատական ակտերով նշանակված պատիժները համակցելու վերաբերյալ գործնականում մի շարք հանդիպող խնդիրներ:
Քննարկման արդյունքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել փոփոխությունների անհրաժեշտության հետ, մի շարք կարգավորումների մասով հնչել են տարբեր կարծիքներ, լրամշակվել և բովանդակային առումով հարստացվել են նախագծերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները: