Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ամբողջական կսկսի գործել հունիսի 15-ից

21/04/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Նախարարի տեղակալը նշել է, որ 2022 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որով նախատեվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:
Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչև վերոնշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայացված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրականացվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունն իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանները:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ առկա իրավիճակը և ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում են, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում, ուստի, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարելու, այն է՝ ավելի վաղ ժամկետ (սույն թվականի հունիսի 15-ը) սահմանելու նաև ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված օրենքում, քանի որ նշված օրենքի 1-ին և 2-րդ մասերի ուժով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, օրենքով սահմանված կարգով նախատեսվել է տալ հավելում 2024 թվականի հունվարի 1-ից:
Միևնույն ժամանակ, նախարարի տեղակալն արձանագրել է, որ Կառավարությունը նախագծերի փաթեթը լրամշակել է՝ պայմանավորված հարակից օրենքներում ևս վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ և դրա մասին հանդես եկել բանավոր առաջարկությամբ, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից: