Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության մոտարկմանը:
Փոփոխությունների նպատակն է ապահովել օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգումը, այսինքն՝ արդյո՞ք ճիշտ է արվում մոտարկումը, արդյո՞ք որևէ նախագիծ, որը մշակվում է ԵՄ օրենսդրությանը մոտարկելու համար՝ համապատասխանում է վերջինիս: Այս կապակցությամբ նախատեսվում է, որ Արդարադատության նախարարությունը կգործի որպես կենտրոնական մարմին, որը կունենա իրավասություն ստուգելու նման համապատասխանությունը։
Վերոնշյալ ստուգումն իրականացնելու նպատակով Արդարադատության նախարարությունում ձևավորվելու է ոլորտում հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների խումբ՝ սկզբնական շրջանում կազմված 2-3 մասնագետից ։