«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից կազմակերպված քննարկմանը, կարևորել է մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում խոսվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման գործում պետության դերի ու աջակցության հնարավորությունների մասին։
Տիգրան Դադունցը նշել է, որ այս ոլորտի բարեփոխումները նախատեսված են Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով և շատ ողջունելի է, որ հենց մեդիադաշտի ներկայացուցիչներն են ընդունում այս հարցի կարևորությունն ու ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացման և օրենսդրական ճանաչման անհրաժեշտությունը:
Տիգրան Դադունցի խոսքով՝ արդեն երկար ժամանակ այս հարցով ակտիվ և կառուցողական համատեղ աշխատանքներ են տարվում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ընտրված լուծումները լինեն ընդունելի բոլորի համար:
Տիգրան Դադունցը նշել է նաև, որ կարևոր է այն թե ինչպես է իրականացվելու ԶԼՄ-ների ինքնակարգավորումը, ինչպես է ձևավորվելու և ինչ լեգիտիմություն ու ճանաչելիություն է ունենալու այն ինքնակարգավորման մարմինը, որի շուրջ պետք է համախմբվեն ԶԼՄ-ները և որին դիմելու են շահառուներն իրենց իրավունքների պաշտպանության հարցով:
Նշվածը կարևոր է այն տեսանկյունից, որ պետությունն ի դեմս ինքնակարգավորման մարմնի տեսնի արդյունավետ ու միասնական հարթակ՝ ոլորտին աջակցություն ցուցաբերելու համար: