Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումները ողջունելի են ՏՀԶԿ պատվիրակության կողմից
28/04/2023
ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) մոնիթորինգի թիմն այցելել է Հայաստանի Հանրապետություն, որի շրջանակներում կայացել են ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ապրիլյան քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների, ՀԿ-ների, գործարար ոլորտի ներկայացուցիչների և դոնոր միջազգային կազմակերպությունների հետ:
Նշյալ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՏՀԶԿ մոնիթորինգի հինգերորդ փուլի գնահատման հարցաշարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված տեղեկություններին առնչվող հարցերին, որոնց տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: Ապրիլյան նշյալ քննարկումներին Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցել են բոլոր ատյանների և բոլոր մասնագիտացումների դատարանների դատավորներ, ԲԴԽ անդամներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր մարմինների, անկախ և ինքնավար մարմինների, Կենտրոնական բանկի, Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և այլ մարմիններից՝ ներկայացուցչական կազմով պատվիրակություններ:
ՏՀԶԿ պատվիրակության անդամները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ձեռքբերումները, գոհունակություն են հայտնել ինչպես հանդիպումների բարձր մակարդակով կազմակերպման, այնպես էլ քննարկումներին մասնակից վերոնշյալ մարմինների ներկայացուցիչների պատրաստվածության և հարցադրումների առնչությամբ համակողմանի տեղեկատվության տրամադրման առնչությամբ։
Գնահատման զեկույցի նախագիծը պատրաստ կլինի հուլիսին և կտրմադրվի ՀՀ-ին, կքննարկվի շահարգիռ մարմինների հետ և կհաստատվի 2023թ.-ի հոկտեմբերին՝ ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի նիստի ընթացքում։
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլը, որի շրջանակներում Արդարադատության նախարարություն է ներկայացվել Գնահատման հարցաշարը: Հարցաշարի արդյունքներով կազմվում է գնահատման զեկույց, որով որոշվում է ՏՀԶԿ-ի հետ հարաբերություններում գնահատվող պետության միջազգային պարտավորությունների շրջանակը։ Գնահատումը բաղկացած է մի քանի փուլերից, որը ներառում է Գնահատման հարցաշարի և փաստաթղթերի մշակում և ներկայացում, այց երկիր և հանդիպում բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, Գնահատման զեկույցի նախագծի ուսումնասիրություն, Գնահատման նախագծի քննարկում և ՀՀ գնահատման զեկույցի հաստատում ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի կողմից։ Գնահատումը տևելու է մինչև 2026 թվականը՝ տարեկան կտրվածքով։
Գնահատումը ներառում է 9 կատարողական ոլորտներ, որոնք ընդգրկում են ոչ միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, անկախ և ինքնավար մարմինների, իրավապահ մարմինների գործունեության ոլորտները, այլև՝ մասնավոր ոլորտի իրավաբանական անձանց, պետական մասնակցությամբ կազմակերպությունների գործունեությունը:
ՏՀԶԿ գնահատումն ամենաընդգրկունն է միջազգային գնահատումների շարքում և չափազանց կարևորվում է միջազգային կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների կողմից Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը գնահատելիս, ինչպես նաև դրված է պետությունների ռենյտինգավորող միջազգային գնահատումների հիմքում: