Դատարաների ծանրաբեռնվածության թեթևացման, էլեկտրոնային արդարադատությանն ուղղված աշխատանքների մասին. Դատաիրավական բարեփոխումների ընթացքը ԶԼՄ ներկայացուցիչների համար

28/04/2023

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը և նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը լրագրողներին են ներկայացրել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները:
Տիգրան Դադունցը ներկայացրել է Դատական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ դատավորների սոցիալական երաշխիքների, ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված աշխատանքները: Դատական համակարգի բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է մինչև 5 մլն․ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով վճարման կարգադրություն արձակելու գործերը դատարանից վերապահել նոտարին, վարչական դատարանի ենթակայությանը վերապահված որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել համապատասխան վարչական մարմիններին, ներդնել դատավորների՝ ինչպես նաև դատախազների և քննիչների բարեվարքության պարբերական ստուգման կառուցակարգեր: Անդրադարձ է կատարվել դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին:
Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է դատարանների բեռնաթափման ուղղությամբ իրականացվող այլ աշխատանքները՝ անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մանրամասներին:
Մասնավորապես՝ մշակման 2-րդ փուլում է գտնվում քաղաքացիական դատավարության թվայնացման մոդուլը, վարչական դատավարության թվայնացման համար հայտարարվել է մրցույթ: ԶԼՄ-ներին է ներկայացվել նաև քրեական գործերի մինչդատական վարույթի թվայնացման աշխատանքները:
Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը հնարավորություն կտա վարույթի իրականացման համար անհրաժշետ փաստաթղթաշրջանառությունն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ինչի արդյունքում կբարելավվի մինչդատական վարույթի գործընթացների արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կնվազեցվեն քրեական գործերի քննության ընթացքում սխալների, թերությունների, բացթողումների հնարավորությունը և այլն: Սեմինարի ընթացքում լրագրողները բանախոսների հետ քննարկել են թեմաները, հնչեցրել հարցեր ու կարծիքներ:
Ծրագիրն իրականացվել է ԵՄ Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրի աջակցությամբ: