Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարն իր ելույթում նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումներն արդեն հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը:
Նախագծով սահմանվում են կարգավորումներ, որոնք կպաշտպանեն սպառողին: Հստակեցվում է նաև, թե որն է միանալու պայմանագիրը, բացի այդ օրենսդրորեն սահմանվում են այսպես կոչված «անարդար պայմանները», որոնք չեն կարող ներառվել սպառողի հետ կնքվող պայմանագրում, իսկ եթե ներառվեն, ապա կհամարվեն անվավեր:
Նշենք, որ նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: