Գործող դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ
24/05/2023
Արդարադատության նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման հիմնադրամի» կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների և քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար: Նախագծերի ընդունումը տալու է հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու նպատակով:
Նախագծերով առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում պարտադիր լրացման տվյալների շարքում ներառել անձի (թեկնածուի) և նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները՝ սահմանելով պահանջ նաև վերջին 5 տարվա ընթացքում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ: Անձի (թեկնածուի) կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկությունների ներառումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ուղղված է շահերի բախման հնարավոր դեպքերը վեր հանելուն, անձի անհրաժեշտ անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելուն:
Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներ են անձի ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:
Առաջարկվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն տալ անձի՝ կարգապահական, քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տվյալներից բացի նաև պահանջելու տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք անձի մասնակցությամբ առկա է քաղաքացիական գործ կամ օրինական ուժի մեջ մտած վճիռ։
Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելիս անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։