Առաջարկվում է սահմանել՝ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու հատուկ հերթականություն. Նոր լուծումներ` «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի փաթեթում
24/05/2023
Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. Ռազմավարության իրականացման համար՝ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի նպատակներն են կատարողական վարույթին՝ դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարմանն առնչվող հարաբերությունները մեկ միասնական իրավական ակտով համապարփակ կարգավորելը, հարկադիր կատարման արդյունավետության բարձրացումը, կատարողական վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությանն ուղղված կարգավորումների նախատեսումը, մինչ օրս չկարգավորված կամ թերի կարգավորված հարցերի կարգավորումը։
Նախագծերի փաթեթով առաջարկվող նոր լուծումների հիմնական ուղղություններից են.
1. Կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոնների, կոնկրետ վարույթով իրականացված գործողություններից, կատարման ենթակա ակտի պահանջի կատարման պահից և այլ հանգամանքներից ելնելով՝ կատարողական ծախսերի տարբերակված չափերի սահմանումները, վարույթի կողմերի դիսպոզիտիվ (տնօրինչական) հնարավորությունների ընդլայնումը.
2. Շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությունը՝ կատարողական վարույթում երրորդ անձանց ինստիտուտի ներդրման և հարկադիր աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում գնորդների իրավունքների պաշտպանության միջոցով.
3. Ձեռնարկատիրական գործունեության պաշտպանությունը՝ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու հատուկ հերթականության սահմանման, շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքի ինստիտուտի նախատեսման և այլ մեթոդներով.
4. Գույքի առանձին տեսակների վրա բռնագանձում տարածելու օրենսդրական խոչընդոտների վերացումը կամ հիմքերի ստեղծումը, Ընդհանուր գույքում պարտապանի բաժնի, իրավաբանական անձանց կանոնադրական/բաժնեհավաք կապիտալում մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելու ողջ գործընթացի իրականացումը կատարողական վարույթում: