Ամփոփվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2-րդ փուլի հիմնական արդյունքները
24/05/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) 2023-2027թթ. Արևելյան գործընկերության երկրների համար տեղական համակարգող հանձնաժողովի նիստին անդրադարձել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված ծրագրերին:
Նիստը համանախագահել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԳԼԿ II ծրագրերի հիմնական արդյունքները, և ներկայացվել են ԳԼԿ III ծրագրերը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հաստատված բազմաշերտ ու բազմոլորտ համագործակցությունը, որի արդյունքում գրանցվել են տեսանելի և շոշափելի արդյունքներ մարդու իրավունքերի պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում:
ԳԼԿ արդարադատության ամրապնդմանն ուղված ծրագրի վերաբերյալ Կարեն Կարապետյանը կարևորել է դատական և իրավական բարեփոխումների շրջանակում շարունակական աջակցությունը, մասնավորապես՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների 2022-26թթ. ռազմավարության մշակման, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրման և դատական ոլորտի օրենսդրության մշակմանը:
Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է քրեական արդարադատության ոլորտում ոչ միայն իրավաստեղծ, այլև իրավակիրառ գործընթացներին ԳԼԿ շրջանակներում ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի մշակումը և դրանցով ներմուծված կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներից տնային կալանքի և վարչական հսկողության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ներդնումը:
ԳԼԿ կարևորագույն բաղադրիչներից է նաև «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը, որի շրջանակում գրանցվել են կարևորագույն ձեռքբերումներ, մասնավորապես՝ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացումը, ոլորտի օրենսդրական բարեփոխումներին փորձագիտական աջակցությունը և այլն:
Անդրադառնալով ԳԼԿ շրջանակներում իրավահավասարության խթանմանը և խտրականության բացառմանն ուղված գործողություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջողությամբ իրականացվել են ատելության խոսքի կարգավորումների համակարգված քարտեզագրում և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա իրավակարգավորումների վերհանում:
Նախարարի տեղակալն ընդգծել է ԳԼԿ III-րդ ծրագրի կարևորությունը վերոնշյալ ոլորտներին հետագա աջակցության համար, ինչպես նաև ներկայացրել արդարադատության նախարարության առաջարկություններն ու տեսլականը ապագա համագործակցության շրջանակներում: