ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել արդարադատության նախարարությանը

29/05/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական և իրավական, հակակոռուպցիոն և հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացված բարեփոխումներն՝ ուղղված նոր արբիտրաժային կենտրոնի կանոնադրության, արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի փորձաքննությանը, արբիտրաժային կենտրոնի էլեկտրոնային հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների աջակցմանը, ռազմավարական փաստաթղթերի մշակման և ռազմավարական կանխատեսումների կարողությունների զարգացմանը, արբիտրաժի հետ կապված միջազգային փորձի ուսումնասիրմանը, ինչպես նաև՝ սնանկության օրենսդրության մշակման աշխատանքներին աջակցմանը։
Կողմերը քննարկել են Արդարադատության նախարարության հետ նախանշվող փոխգործակցության ուղղությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԱԶԲ 2024–2029թթ. Հայաստանի հետ գործակցության նոր գործողությունների ծրագրային միջոցառումների շրջանակում Արդարադատության նախարարության ռազմավարական ուղղությունների թվայնացման հնարավորությանը, առկա էլեկտրոնային հարթակների կատարելագործմանը և այլն։
Կարեն Կարապետյանը կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներում փորձագիտական և այլ աջակցության տրամադրումը, ոլորտային քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը և այլն։
Կողմերն ընդգծել են երկուստեք արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։