Թափանցիկություն, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացում. Նախանշվել է առաջիկա 6 ամիսների համար նախատեսված գործողությունների ծրագիրը

01/06/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային ծրագրի վերաբերյալ ղեկավար կոմիտեի նիստին կարևորել է սույն ոլորտում կատարված դրական փոփոխությունները:
Նախարարի տեղակալը նշել է, որ վերոնշյալ ծրագրի տեխնիկական աջակցության շրջանակներում կատարված բարեփոխումները խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության և Արդարադատության նախարարության համար:
Ծրագրի գլխավոր առաքելությունն է զարգացնել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների ռազմավարություններին ուղղված կարողությունները, բարձրացնել արդյունավետությունը, թափանցիկությունը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:
Նիստի ընթացքում ԵՄ տեխնիկական աջակցության թիմը ներկայացրել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների» վեցամսյա առաջընթացի հաշվետվությունը, ինչպես նաև առաջիկա 6 ամիսների համար նախատեսված գործողությունների ծրագիրը:
Արա Մկրտչյանը կարևորել է ծրագրի շրջանակներում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում գրանցված մեծ առաջընթացը, ինչպես նաև կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչի շնորհիվ մեծ թվով վերապատրաստումներ են տեղի ունեցել:
Ղեկավար կոմիտեի նիստին մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Արդարադատության ակադեմիայի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները: