Ոլորտային օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին. «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի հիմնական լուծումները

01/06/2023

Արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձագետ Վահագն Դալլաքյանը հեռավար ձևաչափով հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Մեթյու Շարդոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի շրջանակում առաջարկվող հիմնական լուծումները՝ շեշտը դնելով առաջարկվող հարկադիր կատարման նոր միջոցների, առանձին խումբ կատարողական վարույթների առանձնահատկությունների, կատարողական վարույթի մասնակիցների տնօրինչական հնարավորությունների ընդլայնման և ոչ դրամական պահանջների կատարման նոր կանոնների վրա:
Էլինա Գեղամյանն իր ողջույնի խոսքում Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում վճռական փուլում միջազգային փորձագիտական կարծիքի տրամադրման պատրաստակամության համար, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետին՝ այս գործընթացում ներգրավվելու համար:
Քննարկման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվել է, որ կատարողական վարույթի վերաբերյալ ներպետական օրենսդրության համապարփակ վերանայման կարևորագույն նպատակներից մեկը ոլորտային օրենսդրության համապատասխանեցումն է եվրոպական չափանիշներին, ինչպես նաև Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով կայացված վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խնդիրների հաղթահարումը և հետագայում նմանատիպ խնդիրների բացառումը:
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետի հետ հեռավար հանդիպումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում: