Նախարար Գրիգոր Մինասյանը Ֆրիդըմ Հաուս հասարակական կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցի հետ քննարկել է ԶԼՄ բարեփոխումների օրակարգն ու մի շարք այլ հարցեր

02/06/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ֆրիդըմ Հաուս հասարակական կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին:
Նախարար Մինասյանը ողջունելով ներկաներին նշել է, որ Ֆրիդըմ Հաուսն զգալի դերակատարում ունի Հայաստանում  քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև երկխոսության ամրապնդման գործում:
Գրիգոր Մինաասյանի խոսքով՝ այս գործընթացներն առանցքային են  ժողովրդավարական, իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի բարեփոխման տեսանկյունից:
Նախարարը հատկանշական է  համարել վերջերս պետական կառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կազակերպված «Հայկական ժողովրդավարությունը» և «ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումները: 
Հանդիպման ընթացքում միջազգային գործընկերներին են ներկայացվել նախարարության կողմից իրականացված և ընթացիկ բարեփոխումների օրակարգը. դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգերի բարելավումը, միջազգային ստանդարտներին մոտարկումը, քաղհասարակության դերակատարման բարձրացումը մասնակցային կառավարման  գործընթացներում, լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի հայեցակարգի մշակումը:
Անդրադարձ է կատարվել նաև Արդարադատության նախարարության կողմից մշակվող Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման հայեցակարգին, որտեղ կարևորվում է Ժողովրդավարական հասարակությունում մամուլի կենսական դերը: