Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Աջակցություն ՀՀ դատական համակարգի բարեփոխումներին 21-րդ դարի դատական համակարգի կառուցում» թեմայով միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Նախարարը կարևորել է արդարադատության համակարգում մեկնարկած բարեփոխումները և գործընկերների դերն ու աջակցությունն այս ոլորտում: Գրիգոր Մինասյանը խոսել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության իրականացման արդյունքում գրանցած առաջընթացի, հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքների, դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ կատարված քայլերի և գործընթացների, վերջին շրջանում սկսած Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման և աշխատավարձերի բարձրացման մասին:
Դատարանների գերծանրաբեռնվածության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև դատական գործընթացների թվայնացմանը, մասնավորապես՝ Էլեկտրոնային արդարադատության E-justice միասնական հարթակի ներդրմանը:
Արդարադատության նախարարը կարևորել է նաև «Հայացք ապագային» զեկույցի պատրաստումը՝ այն համարելով արդարադատության ոլորտի խորը ուսումնասիրություն:
Նախարար Մինասյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որտեղ խոսել է դատական համակարգում առկա շոշափելի և տեսանելի բարեփոխումների մասին: