Քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների կատարելագործում և պատժի նպատակների արդյունավետ իրացում․ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության քննարկում

05/06/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026թթ․ ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ քննարկմանը, իր ելույթում արձանագրել է, որ ներկայումս իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումն ու շարունակական կատարելագործումը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար 2023-2026թթ. ռազմավարության նպատակներ են լինելու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության բարեփոխումը, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ենթակառուցվածքների և տարածքների արդիականացումը, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների շարունակական կատարելագործումը և պատժի նպատակների արդյունավետ իրացումը, որին հասնելու համար առաջնահերթ է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը:
Լևոն Բալյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը պատրաստակամ է շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Նիդերլանդների կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ AISPIRA ծրագրի շրջանակում։