Իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի ներկայացուցիչ, Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մայիսի 30-ից հունիսի 1-ը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացած Իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի 60-րդ հոբելյանական միջոցառմանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Կոմիտեի նախագահ Քրիստոֆ Հենրիխսը և այլոք։
Կոմիտեի 60-րդ հոբելյանական միջոցառմանը հաջորդել է 100-րդ լիագումար նիստը, որի օրակարգային հարցերի շրջանակում, ի թիվս այլնի, Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է մարդու իրավունքների և դատաիրավական բարեփոխումների ոլորտում նախարարության առաջնահերթությունները։
Մասնավորապես՝ Անահիտ Աբրահամյանն անդրադարձ է կատարել հանրային քաղաքականության մշակման ընթացքում գենդերազգայուն մոտեցումների կիրառմանը, դատական համակարգի անկախության և անաչառության ամրապնդման Եվրոպայի խորհրդի ծրագրի (Սոֆիայի գործողությունների ծրագիր) շրջանակում ձեռնարկված քայլերին, անօրինական սահմանը հատած միգրանտների վարչական ձերբակալման ընթացքում ծագած խնդիրներին, հանրային քաղաքականության տարբեր դերակատարների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կետ փոխգործակցությանը։
Կոմիտեի նախագահ Քրիստոֆ Հենրիխսը ողջունել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը և հույս հայտնել, որ կոմիտեում հետևողական աշխատանքները ևս կնպաստեն իրականացվող բարեփոխումների հաջողմանը։
Իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի եռօրյա լիագումար նիստերի ընթացքում լրամշակվել են իրավաբանի մասնագիտության պաշտպանության միջազգային իրավական գործիքը, ծնողների ամուսնալուծության գործընթացում երեխայի լավագույն շահի և նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանձնարարականի և բացատրական հուշագրի նախնական նախագծերը, «Օտարերկրյա իրավունքի վերաբերյալ տեղեկատվության մասին» եվրոպական կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրության կատարման ընթացքի գնահատման վերաբերյալ զեկույցի նախագիծը, առաջարկներ են ներկայացվել «Արհեստական բանականության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի նախագծի վերաբերյալ և այլն։