Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ դատական ակտերի կատարումը դատական պաշտպանության գործընթացի անբաժանելի մասն է, քանի որ նույնիսկ ամենազարգացած դատական համակարգը դեռևս խախտված իրավունքների վերականգնման իր նպատակին չի ծառայի ու դատաիրավական ոլորտի բարեփոխումներն իրենց արդյունքին չեն հասնի, եթե դատական ակտերը մնան չկատարված:
Նախարարի խոսքով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը կարևոր խթան կլինի՝ դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման գործընթացը որակապես նոր փուլ տեղափոխելու, կատարման արդյունավետությունը բարձրացնելու, գործող օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և դատաիրավական բարեփոխումների ամբողջական կենսագործումն ապահովելու ուղղությամբ:
Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ ներկայումս հաճախ հանդիպող լուրջ դժգոհություններ առաջացնող բազմաթիվ հարցեր իրենց լուծումն են գտել նախագծում: Նախարարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և նախագծի վերաբերյալ քննարկումների և միջազգային փորձագիտական կարծիքի տրամադրումն ու հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներին առնչվող այլ գործողությունների ներառումը և վստահություն հայտնել, որ կայանալիք քննարկումները նպաստելու են հենց օրենքի նախագծի փուլում դրա խնդրահարույց հարցերի վերհանմանը, դրանց առնչությամբ խնդիրների բացառմանը:
Քննարկմանը ներկա է գտնվել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում: