Նախարարը խորհրդարանում ներկայացրել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումների բողոքարկման իրավական նախագիծը
06/06/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է ԲԴԽ որոշումների բողոքարկման համապատասխան դրույթը։
Նախարարն ընդգծել է, որ Նախագծի նպատակը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ ԲԴԽ որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումն է:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցներում և Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում բազմիցս կարևորվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսելու անհրաժեշտությունը:
Նախարարը ներկայացրել է քննարկվող նախագծով սահմանվող հիմնական կարգավարումները՝ բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է ամբողջական կազմով, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի՝ սահմանած կարգով ընտրված անդամը:
Գրիգոր Մինասյանը հանդես է եկել նաև բանավոր առաջարկություններով՝ կարևորելով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետներն ու տեխնիկական բնույթի այլ հարցեր:
Նշենք, որ Նախագիծը բխում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից: