Հարկադիր կատարման նոր միջոցներ, առանձին տեսակի գույքերի բռնագանձում, ոլորտային օրենսդրության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին․ հանրային քննարկում նոտարական համայնքի, բանկային և վարկային ոլորտների, ՀԿ ներկայացուցիչների հետ

08/06/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկմանը:
Քննարկմանը մասնակցում էին նոտարական համայնքի, բանկային և վարկային ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալն իր ելույթում կարևորել է նմանօրինակ քննարկումների դերը դատաիրավական բարեփոխումների շրջանակներում և նշել, որ 3 տարի անընդմեջ ներդրված ջանքերն՝ ուղղված օրենքի նախագծի մշակմանը, կարևոր քայլ են հանդիսանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և հարկադիր կատարման ոլորտի օրենսդրության կատարելագործման համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ոլորտային օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, նոր լուծումները և կարգավորման հիմնական ուղղությունները, հարկադիր կատարման նոր միջոցները, պարտավորության կատարման խթանման միջոցները, առանձին տեսակի գույքերի բռնագանձման և առանձին խումբ կատարողական վարույթների առանձնահատկությունները և այլն:
Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ քննարկման կազմակերպման համար և մեկ անգամ ևս վերահաստատել Արդարադատության նախարարության պատրաստակամությունը հետագա համագործակցությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ քննարկումները նպաստելու են նոր օրենսդրության մշակմամբ հետապնդվող նպատակների կենսագործմանը: 
Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։