Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի շինհրապարակ:
Կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթև Մատինյանը ծանոթացրել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետները և բանակցային գործընթացը:
Նախարարը խոսել է նորաստեղծ Կենտրոնի գործունեության մասին՝ կարևորելով դրա դերը Հայաստանում և տարածաշրջանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման գործում։ Գրիգոր Մինասյանը նշել է, որ ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված արբիտրաժային կենտրոնի ստեղծումն ու գործարկումն արդեն կյանքի է կոչվում: Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կարևոր է, այն իմաստով, որ և´ Հայաստանում, և´ արտասահմանում գործող բիզնեսներին, ներառյալ Հայաստանում ներդրումներ իրականացնող և նախատեսող, հնարավորություն է ընձեռելու վեճերը վստահել մասնագիտացված կառույցի, որը ներգրավելով լավագույն մասնագետներին՝ դրանք կլուծի արդարացի և ժամանակակից չափանիշներին ու մոտեցումներին համապատասխան։
Անդրեա Վիկտորինը նույնպես ողջունել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումը և մեկ անգամ ևս վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունն՝ աջակցելու այս ուղղությամբ հետագա համագործակցությանը։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշել է, որ Կետրոնը միտում ունի լուծելու ոչ միայն ներպետական գործերը, այլև դառնալով միջազգային արբիտրաժային հաստատություն, Հայաստան ներգրավելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային գործեր։