Կատարողական վարույթում ծանուցման նոր կարգավորումներ, կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ. առևտրային բանկերի հետ քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի նոր լուծումները

12/06/2023

Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ, հանդիպել են «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության և առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» օրենքի շրջանառվող նախագծի նոր լուծումները, այն հիմնական ուղղությունները, որոնցով նախագծի ընդունումն ազդեցություն կունենա առևտրային բանկերի՝ որպես կատարողական վարույթի մասնակցի կարգավիճակի վրա, ինչպես նաև բանկային հաշիվներում առկա և այլ դրամական միջոցների բռնագանձման գործընթացի առաջարկվող կարգավորումները:
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ նախագծի ընդունման հիմնական նպատակներից են հարկադիր կատարման արդյունավետության բարձրացումը, կատարողական վարույթի բոլոր մասնակիցների և շահագրգիռ անձանց իրավունքների համապարփակ պաշտպանությունը և կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգի ներդրումը:
Արսեն Մնացականյանը շեշտադրել է, որ առևտրային բանկերը նախագծերի այս փաթեթի և դրանով առաջարկվող փոփոխությունների հիմնական հասցեատերերից են, և այս համատեքստում նման քննարկումներն առանձնակի կարևորություն ունեն:
Ընդգծվել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ օրենսդրական բարեփոխումների հետագա գործընթացում ևս առևտրային բանկերի հետ ակտիվ համագործակցության առնչությամբ: