ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրի հետ համատեղ, կազմակերպել է «Ի՞նչ է արբիտրաժը և ինչու՞ ընտրել այն վեճերը լուծելիս» խորագրով քննարկումների շարքը՝ նվիրված վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Քննարկումներն անցկացրել են արբիտրաժի ոլորտի մասնագետներ, Միացյալ Թագավորությունից հրավիրված և այնտեղ որպես փաստաբան ու արբիտր գործունեություն իրականացնող իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Կուպելյանցը, և Հայաստանում գործունեություն իրականացնող իրավաբանական գիտությունների դոկտոր Աիդա Ավանեսյանը:
Բանախոսները մասնակիցներին են ներկայացրել արբիտրաժի առավելություններն ու առանձնահատկությունները՝ անդրադառնալով ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանում առկա ոլորտային զարգացումներին:
Քննարկման մասնակիցներին են ներկայացվել նորաստեղծ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, դրա ստեղծման նախապատմությունը, գործունեության հեռանկարները և այդ կապակցությամբ նախատեսվող քայլերը: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեծման հետ կապված քննարկումը վարել են Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
Քննարկումների շարքին մասնակցել են նաև իրավաբաններ և բիզնես ղեկավարներ տեղեկատվական տեխնոլոգիաների, մտավոր սեփականության, կառուցապատման, ֆինանսաբանկային, հանրային ծառայությունների մատուցման, հանքարդյունաբերության, էներգետիկայի և այլ թիրախային ոլորտներից, որոնք իրենց ներդրումը կարող են ունենալ Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման կարևորագույն գործում։