Նախարար Մինասյանը Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ
12/06/2023
Արդարադատոության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ):
Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները:
Կողմերը քննարկել են դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումները:
Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից մշակվող նոր «Կատարողական վարույթի մասին» օրենքը, որով ՄԻԵԴ կողմից վերհանված գրեթե բոլոր խնդիրներն իրենց լուծումն են գտել:
Նախարար Մինասյանը հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության, ինչպես նաև գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին: Մինասյանը կարևորել է նաև ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել «Լաչինի միջանցքով» անհրաժեշտ տեղաշարժը:
Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները:
Տիկին Օ՛Լիրին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության բարեփոխումային հավակնոտ օրակարգը և գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ՄԻԵԴ վճիռների լույսի ներքո ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակով: