ԱԺ պատգամավորները՝ Փորձագիտական կենտրոն կատարած այցի շրջանակներում, ծանոթացել են փորձաքննություններ իրականացնող բաժիններին ու լաբորատորիաներին

13/06/2023

Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանն ու ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանն աշխատանքային այցով գտնվել են Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնում։
Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանի, փոխտնօրեններ Հայկ Կարապետյանի և Սամվել Եղիազարյանի ուղեկցությամբ, պատգամավորները շրջայց են կատարել, ծանոթանալով Կենտրոնի գործունեությանը, փորձաքննություններ իրականացնող բաժիններին ու լաբորատորիաներին։
Պատգամավորներին հատկապես հետաքրքրել է ստի դեդեկտորը։
Դավիթ Ղուլյանը պատգամավորներին է ներկայացրել Կառավարության աջակցությամբ ձեռք բերված Կենտրոնի նոր սարքերն ու սարքավորումները, Կենտրոնում իրականացվող փորձաքննության նոր տեսակները, լաբորատոր սարքերն ու դրանց հնարավորությունները, ինչպես նաև Կենտրոնում իրականացված բարեփոխումները, վերջին մեկ տարում կատարված ձեռքբերումները և ապագայի հետ կապված պալններն ու անելիքները։ Շրջայցից հետո քննարկվել են նաև ոլորտային մի շարք կարևոր հարցեր։
Ազգային ժողովի պատգամավորները բարձր են գնահատել Կենտրոն կատարած այցի արդյունքները և վստահություն հայտնել, որ կունենան արդյունավետ համագործակցություն: