ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մասնակցել է Ընտրական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխությունների փաթեթի քննարկմանը:
Փաթեթը մշակվել է քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կառույցների հետ ամիսներ տևած լայն քննարկումների արդյունքում` Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) աջակցությամբ`Արդարադատության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ ջանքերով:
Տիգրան Դադունցն իր խոսքում կարևորել է IFES-ի աջակցությունն այս գործընթացներին և փաթեթի մշակմանը, որի անհրաժեշտությունը բխում է Կառավարության ծրագրից և Դատական ու իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից:
Քննարկման ընթացքում ներկայացվել են փաթեթով նախատեսված փոփոխությունները` ընտրական իրավունքի սկզբունքների, արտակարգ և ռազմական դրության հայտարարման դեպքերում դրանց ավարտից հետո չնշանակված և չանցկացված ընտրությունների կազմակերպման, հաշմանդամություն և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի արդյունավետ իրացման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգի, նախընտրական գործընթացի ֆինանսավորման, դիտորդական առաքելության վերաբերյալ և այլ կարգավորումներում, որոնց շուրջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կառուցողական առաջարկներով:
Հաշվի առնելով փաթեթի ծավալը և կարևորությունը` դրա շուրջ մյուս քննարկումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում: