Արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը և ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը Մինսկում մասնակցել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդում ձևավորված աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպմանը։
Աշխատանքային խումբը ձևավորվել էր «Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մշակման նպատակով։ Նախագծի շրջանակում առաջարկվում է սահմանել ԱՊՀ անդամ երկրներում հարուցված կատարողական վարույթների շրջանակում պարտապանի, նրա գույքի և այլ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հնարավորություն։
Վերոնշյալ հանդիպումն ամփոփիչ էր, որի շրջանակում աշխատանքային խմբի կողմից ամբողջությամբ համաձայնեցվել է նախագծի բովանդակությունը։
Նախագծում ընդգրկվել են հայկական կողմի բոլոր սկզբունքային առաջարկները, այդ թվում՝ նախատեսվել են անձնական տվյալների պաշտպանության համապարփակ կարգավորումներ, բանկային գաղտնիքի պաշտպանությունն ապահովող գործիքակազմ, հստակ սահմանվել է փոխանակման ենթակա տեղեկատվության շրջանակը, բացառվել է կատարողական վարույթների շրջանակում չարդարացված լայն շրջանակի տեղեկատվության հարցման հնարավորությունը, նախատեսվել և փոփոխվել են մի շարք այլ դրույթներ։
Նախագծի՝ Աշխատանքային խմբի հավանությանն արժանացած տարբերակն ԱՊՀ երկրների Արդարադատության նախարարների խորհրդի առաջիկա նիստին կներկայացվի արդարադատության նախարարներին, և նախարարների հավանությանն արժանանալու դեպքում կարող է մեկնարկել համաձայնագրի հետագա շրջանառության և կնքման գործընթացը։