Փողերի լվացման տեղեկությունների տրամադրում՝ նոտարական վավերացման ենթակա գործարքներով.Արա Մկրտչյանն ընդունել է Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին

15/06/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Առաքել Մելիքսեթյանի և Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ քննարկել է 2025թ. Եվրոխորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնաժողովի կողմից փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային զենքի ոչնչացման տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման գործընթացին համատեղ ջանքերով պատշաճ ներկայանալու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև 2022-2024թթ. ՓԼԱՖ ազգային ռազմավարությունից բխող ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերելի գործողություների կատարման ընթացքը: Կողմերն ընդգծել են վերոնշյալ հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում նախարարության համակարգման ենթակա մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության պատշաճ կազմակերպման, ռիսկերի գնահատման մեթոդաբանություն մշակելու, անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական լուծումներ տալու հարցերը:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նոտարական հաստատման ենթակա գործարքների՝ հատկապես նվիրատվությունների ընթացքում կասկածելի գործարքների ճիշտ դասակարգման և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցերը:
Իրավիճակը բարելավելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել վերապատրաստման դասընթացներ գործարքների նոտարական հաստատման և վավերացման ընթացքում ճիշտ չափորոշիչների կիրառմամբ իրապես կասկածելի գործարքների դասակարգման թեմայով, ակտիվացնել այս ուղղությամբ իրազեկման աշխատանքները՝ ուղեցույցների և տեղեկատվական նյութերի տարածման եղանակով: