«ԹՎայնացում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար». Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026թթ. մշակվող հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող թվային օրակարգը

16/06/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ աջակությամբ կազմակերպված «Թվայնացում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար» խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովի նպատակն էր քննարկել թվայնացման դերը հակակոռուպցիոն բարեփոխումներում և ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագտեների կողմից իրականացված հակակոռուպցիոն մարմինների, մասնավորապես ԿԿՀ թվայնացման կարիքները:
Նախարարի տեղակալը նշել է, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դժվար է պատկերացնել առանց ժամանակակից թվային լուծումների ՝ դրանով ապահովելով ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, մարդային միջամտությունից բխող ռիսկերի նվազեցումը, հանրային վերահսկողությունը և նպաստելով կառավարություն-քաղաքացի արդյունավետ փոխգործակցությանը:
Նկատի ունենալով վերոնշյալը՝ թվայնացումն իր առանձնահատուկ տեղն է գտել ներկայումս մշակման փուլում գտնվող նոր՝ 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մեջ՝ ներառելով թվայնացման միջոցառումների համախումբ ռազմավարական բոլոր հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելում, հակազդում, հակակոռուպցիոն կրթություն և մոնիթորինգ:
Կարապետյանն ընդգծել է, որ նախանշված բարեփոխումների արդյունավետության կարևորագույն բաղադրիչն առկա խնդիրների վերլուծությունն ու գույքագրումն է, և որ Համաշխարհային բանկի կողմից իրականացված կարիքների վերլուծությամբ վերհանված առաջարկներից շատերն իրենց տեղը կգտնեն և կիրականացվեն նոր հակակոռուպցիոն ռազմավաության շրջանակներում: