Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

16/06/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) քարտուղար Աննա Ժուբան-Բրետին և իրավական հարցերով պատասխանատու Մարիանելա Բրունո Պոլլերոին:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի քարտուղարին՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար, մասնավորապես՝ դատական վեճերի այլընտրանքային լուծման, այդ թվում՝ հաշտարարության և արբիտրաժի ոլորտի օրենսդրական փոփոխությունների իրականացման և նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման:
Ընդգծվել է, որ UNCITRAL-ը սույն թվականի սեպտեմբերին մասնակցելու է արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման կապակցությամբ կազմակերպվող կոնֆերանսին։
Ժուբան-Բրետը ներկայացրել է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրով նախատեսված թեմատիկ աշխատանքներ կատարելու համար ստեղծված 6 խմբերի՝ անդրսահմանային անթուղթ առևտրի, էլեկտրոնային գնումների, բիզնեսի վերակազմակերպման, միջազգային փոխադրումների, ապրանքների միջազգային վաճառքի, սնանկության օրենքի և վեճերի կարգավորման հարցերով աշխատանքային խմբերի գործունեությունը և առաջարկել վերջիններիս աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև Արդարադատության նախարարության աշխատակիցներին:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի կողմից Մեդիացիայի արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերը, հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: