Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը:
Նախարարը նշել է, որ պրակտիկայում նման գործերը կազմում են դատարանների ծանրաբեռնվածության շուրջ 80 տոկոսը:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ փաթեթով առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել միայն այն քաղաքացիական գործերը, որոնցով գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում 2 միլիոն դրամը: Ընդ որում, նոտարին նշված պահանջով դիմում կարող են ներկայացնել միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև կոմունալ ծառայությունների` էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտներում ծառայություն մատուցող անձինք՝ իրենց և սպառողների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
Նախարարն ընդգծել է, որ վարույթն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։ Կողմը ծանուցվելու է պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Բացառիկ դեպքերում եթե էլեկտրոնային փոստ նշված չլինի պայմանագրում՝ ծանուցումը կիրականացվի սովորական կարգով:
Նախարարի նշմամբ այս մեխանիզմն ունի մի շարք առավելություններ, այդ թվում կարգադրություն արձակելու ընթացակարգի պարզությունը, դիմողների համար պետական տուրքի վճարման պարտականության բացակայությունը և այլն։
Ամփոփելով իր ելույթը Գրիգոր Մինասյանը նշել է, որ նախագծերի ընդունման դեպքում կբարձրանա փոքր հայցապահանջներով քաղաքացիական գործերի արտադատական լուծման արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը և կապահովի նշված գործերի ժամանակին ու արագ լուծումը: