Լեհաստանը պատրաստ է աջակցել Արդարադատության նախարարության բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին
17/07/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և բարձր գնահատել հայ-լեհական համատեղ համագործակցությունը:
Դեսպան Պյոտր Սկվեչինսկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեհաստանի Արդարադատության նախարարությունը նույնպես ոլորտի բարեփոխումների շեմին է և պատրաստակամ է աջակցել նախարարությանը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են՝ պրոբացիայի ոլորտում բարեփոխումները շարունակելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ լեհական մասնավոր ընկերությունների հետ ունեցած համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում ներկայումս Հայաստանի դատական համակարգը կարողանում է կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները:
Նախարարը կարևորել է՝ Հակակոռուպցիոն եռաստիճան դատարանի գործունեությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցություն սկսելու և լեհական փորձի ուսումնասիրման հարցերը:
Նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումները, ընդգծել է միջազգային կառույցների՝ Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների՝ այդ թվում Վենետիկի Հանձնաժողովի ու ԳՐԵԿՈ-ի հետ իրականացվող համատեղ աշխատանքները, որի արդյունքում Հայաստանը, 2023թվականին դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:
Նախարարն ու դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: