Համաշխարհային բանկն աջակցում է արդարադատության ոլորտի թվայնացմանը

18/07/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է թվայնացման ոլորտում բանկի հետ համագործակցությամբ ներդրվող համակարգերը և Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության շրջանակները:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նոտարական համակարգի հետագա թվայնացման հնարավորություններին՝ կարևորելով այդ համատեքստում քաղաքացիների արագ սպասարկումը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և փորձագետի հետ քննարկվել են ամբողջական էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ու հնարավոր ժամկետները:
Կողմերը քննարկել են նաև դատական արխիվների թվայնացման հետ կապված խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս կապակցությամբ կազմել հստակ ճանապարհային քարտեզ՝ խնդիրներն արդյունավետ հասցեագրելու նպատակով:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու թվայնացման բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության կարողությունների զարգացմանը:
Առաջիկայում նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների, որոնք կաջակցեն նախարարության՝ թվայնացման աշխատանքները համակարգող մասնագետներին՝ վերապատրաստելու, ծրագրերի համակարգման և այլ կարողություններ զարգացնելու ուղղությամբ: