Չինաստանը պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

31/07/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է երկու պետությունների երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունում ընթացող բարեփոխումներին, արդարադատության ոլորտի թվայնացման, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքներին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Չինաստանը շուրջ 30 տարի է՝ ինչ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ ու հույս հայտնել, որ այս համագործակցության շրջանակում երկկողմ հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև:
Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Կողմերը քննարկել են նոր համագործակցության ուղիներ սկսելու հնարավորությունն ու արդարադատության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:
Գրիգոր Մինասյանն ու դեսպան Ֆան Յոնգը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: