Պետական գնումները արդարադատության ոլորտում, ռազմավարական և բյուջետային շրջանակների միջև կապերը. Վերապատրաստում՝ աշխատակիցների համար

31/07/2023

Արդարադատության նախարարությունն իր և ենթակա կառույցերի աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով՝ շարունակում է իրականացնել վերապատրաստումներ: 
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական գնումների գործընթացին. դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաև թվայնացման ուղղություններով բազմաթիվ են դեպքերը, երբ նախարարությունն առնչվում է գնման գործընթացների հետ, ուստի Արդարադատության նախարարությունը կարևորում է նաև պետական գնումների ընթացակարգերի շուրջ կարողությունների զարգացումը՝ հաշվի առնելով նախարարության լիազորությունների իրականացման համատեքստում անհրաժեշտ գնումների ընթացակարգերի կիրառման մեծաքանակ դեպքերը:
Ֆինանսների նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը աշխատաժողովի մասնակիցներին են ներկայացրել գնումների գործընթացը, քննարկվել են մի շարք գործնական հարցեր ու խնդիրներ:
Վերապատրաստման հաջորդ մասը նվիրված է եղել ռազմավարական բյուջետային պլանավորմանը, գործնական օրինակների վրա ներկայացվել են ոլորտային ռազմավարությունների ֆինանսական գնահատումների իրականացման առանձնահատկությունները:
Աշխատաժողովին մասնակցել են Արդարադատության նախարարության, ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի, Հարկադիր կատարումն ապահովող և Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները: 

Աշխատաժողովն իրականացվել է ԵՄ «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրի շրջանակներում: