Եվս 8 հոգեբան՝ որակավորում ստանալուց հետո, կմասնակցի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին

09/08/2023

«Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» Կառավարության 847-ն որոշմամբ սահմանված կարգով՝ օրերս տեղի էր ունեցել Արդարադատության նախարարության կողմից հայտարարված՝ հոգեբանների որակավորումը (գրավոր թեստավորում), որին մասնակցել էր 24 հոգեբան: Անցողիկ շեմը հաղթահարել էր 8 մասնակից:
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը վկայականներ է հանձնել որակավորման փուլը հաղթահարած հոգեբաններին: Շնորհավորելով ներկաներին՝ Լևոն Բալյանը նշել է, որ սա երկրորդ խումբն է, որը համապատասխան դասընթացից և թեստավորումից հետո պետք է ապահովի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջական խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին մասնակցությունը: Միաժամանակ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հոգեբաններից պահանջվում են մասնագիտական բարձր որակներ, բացառիկ պատասխանատվություն և աշխատանքի արդյունավետություն:
Լևոն Բալյանը նշել է, որ հոգեբաններն աշխատելու են անչափահասների հետ, ուստի ոչ միայն պետք է աշխատել առանց սխալվելու իրավունքի, այլև հետամուտ լինել, որ ապահովվի ու պաշտպանվի անչափահասի լավագույն շահը: