Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Ապեքս Կապիտալի հիմնադիր նախագահ Նուրի Կացին: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքի առանձնահատկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված բնագավառներում միջազգային փորձին առնչվող հարցերը, ինչպես նաև կարևորվել է նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները հնարավորինս որոշակի սահմանող իրավական ակտի անհրաժեշտությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշների որոշման առանձնահատկություններին:
Արմենուհի Հարությունյանը կարևորել է նշված չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ շեշտելով, որ չնայած տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհելը նաև պրակտիկայում հանդիսանում է մրցակցության գործիք տարբեր երկրների գրավչությունը բարձրացնելու հարցում, այդուհանդերձ, այդ չափանիշների մշակումն ու ներդրումը անհրաժեշտ է կատարել բալանսավորված՝ հաշվի առնելով նաև պետության անվտանգային խնդիրները և ազդեցության բոլոր գործոնները: